ՇԻՐԱԶԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը գործում է 2003թ. սեպտեմբերից: Տունը Հ. Շիրազին նվիրվել է 1983թ. հուլիսին, սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984թ. մարտին: Շենքը հին կառույց է (1886 թ), եղել է մեծահարուստ վաճառականի տուն:
Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան: 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, իրենց տանիքը գտան երկրաշարժից անօթևան մեկ տասնյակից ավելի ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002թթ. ընթացքում հատկացրեց բնակարաններ` ազատելով և վերանորոգելով թանգարանի շենքը:
Հասցե՝ Վարպետաց 101, հեռ.՝ +374 (312) 5-51-42, http://www.shiraz.am/
Աշխատանքի ժամերը՝ երեքշաբթի-կիրակի ժ. 11:00-17:00
ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Պատմական Հայաստանի Բայազետ քաղաքից 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Իսահակյանների ընտանիքը տեղահանվում և բնակություն է հաստատում Ալեքսանդրապոլում: 1829թ. Գեներալսկայա փողոցի (Վարպետաց) գողտրիկ անկյունում բանաստեղծի հորական պապը` Նիկողայոսը կառուցում է տուն իր երկու որդիների համար: Այս տան հարկի տակ 1875 թ.հոկտեմբերի 30-ին ծնվում է Սահակ Իսահակյանի կրտսեր զավակը` Ավետիքը, հայ մեծ քնարերկու Ավետիք Իսահակյանը:
1975 թ.հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան: Կարճատև ժամանակաշրջանուն այն դարձավ հանրապետության լավագույն թանգարաններից մեկը, կերտեց իր պատմությունը: Տարիների ընթացքում թանգարան այցելեցին բազմաթիվ հյուրեր, նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, հանրաճանաչ երգչուհի Ելենա Օբրազցովան և այլք, ովքեր իրենց տպավորություններն են թողել պատվավոր այցելուների հուշամատյանում:
1988 թ.աղետալի երկրաշարժը խոնարհեց նաև մեծ Վարպետի տունը: Մի քանի տարի այն կիսակառույց վիճակում էր: 2002թ. հոկտեմբերին մեծ բանաստեղծի հուշատունը վերակառուցվեց: Թանգարանի մասունքները կրկին իրենց տեղը գրավեցին հուշատան սրահներում: Մեծ Վարպետի տունը նորից ուխտատեղի դարձավ մեր ժողովրդի և բազմաթիվ այցելուների համար:
Հասցե՝ Վարպետաց 91, հեռ.՝ +374(312) 5-72-91
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հանճարին դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին թանգարանի բացումը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 20-ին: Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել Մհեր Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը: Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով` թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում այցելուների հետ Մեծ դերասանի գեղարվեստական արժանիքները համակողմանի մատուցելու ուղղությամբ:
Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոտը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը` «01-99» ֆիլմից, գալիկոնը` «Նվագախմբի տղաները» ֆիլմից: Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ: Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ:
Հասցե՝ Շ. Ռուստավելու 30, հեռ.՝ +374 (312) 5--51-74
ՄԱՐԻԱՄ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Պատկերասրահը գործում է 1987 թ. նոյեմբերի 7-ից: Մարիամ Ասլամազյանի 70-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը մեր քաղաքին նվիրեցին իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ, իսկ շենքը տրամադրվեց քաղաքային իշխանությունների կողմից: Պատկերասրահի շենքը երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին: 2004 թ. պատկերասրահի շենքը վերանորոգվեց Լինսի հիմնադրամի միջոցներով, վերաբացվեց գարնանը:
Պատկերասրահը երկհարկանի շենք է: Առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: Պատկերասրահը՝ որպես գեղարվեստական թանգարան պահպանում և ցուցադրում է Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները:
Պատկերասրահում կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ` կապված և՛ քույրերի, և՛ ժամանակակից նկարիչների աշխատանքները ցուցադրելու ու լուսաբանելու համար:
Հասցե՝ Աբովյան 242, հեռ.՝ +374 (312) 4-82-05
Աշխատանքի ժամերը երեքշաբթի-կիրակի ժ. 11:00-17:00
ՄԵՐԿՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
Ս. Դ. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը մեկն է այն ազգային, մշակութային դեր ու արժեք ունեցող օջախներից, որոնց նշանակությունը մեծ է եղել հիմնադրման օրից (1921 թ.): Դպրոցի արդեն իսկ առաջին շրջանավարտները հարստացրին նոր հայկական կերպարվեստը:
Սկզբնական շրջանում դպրոցը տեղակայված է եղել ս. Նշան եկեղեցու մոտ գտնվող տան առաջին հարկում, այնուհետև տեղափոխվել «Դալտոպլան» կոչվող դպրոցի տարածք: 40-ականներին զբաղեցրել է նախկին գիմնազիայի շենքի մի մասը: Իսկ ավելի ուշ տեղափոխել մանկավարժական ինստիտուտի տարածք:
Արդեն իսկ 1979 թ. տեղակայվել է երկհարկանի հնակերտ տան մեջ, որը քաղաքի ճարտարապետական դիմագծերից է: 1989 թ. դպրոցը գործել է Ս. Շահումյանի անվան այգում տեղադրված տնակներում: Ներկայիս դպրոցը գործում է Ջիվանու 78 հասցեում Հովհ. Թումանյանի անվան գրադարանի մասնաշենքի մի հատվածում:
Հասցե՝ Հաղթանակի պող. 47, հեռ.՝ +374 (312) 5-93-27
ԱՂԱՍԻ ՇԱԲՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
Աղասի Շաբոյանի անվան պարարվեստի դպրոցը ստեղծվել է 1997 թվականին «Ստեղծագործողներ» ՓԲԸ-ի կազմում՝ որպես պարարվեստի ստուդիա: 2002 թ. Գյումրու ավագանու որոշմամբ դպրոցը ստացավ առանձին կարգավիճակ «Գյումրու մասնագիտացված պարարվեստի դպրոց»: 2004 թվականին դպրոցը անվանակոչվեց մեծանուն պարարվեստի գործիչ Աղասի Շաբոյանի անունով:
Իր ստեղծման օրվանից, մինչ օրս, դպրոցը տվել է շուրջ քառասուն շրջանավարտներ, որոնք շարունակել են իրենց ուսումը Հանրապետության տարբեր բարձրագույն և մասնագիտացված ուսումնական հաստատություններում և շարունակում են պարել քաղաքի ճանաչված պարային կոլեկտիվներում: Դպրոցում սովորում են շուրջ 100 աշակերտներ: Դպրոցին կից գործում են միջազգային փառատոնների դափնեկիր «Գյումրի» և «Ալեքպոլ» մանկապատանեական պարի անսամբլները և «Գյումրվա վարպետներ» վետերաններ պարի անսամբլը:
Հասցե՝ Խրիմյան Հայրիկ 46ա, հեռ.՝ +374 (312) 5 51 05, +374 (91) 15 07 93
ՍՏԵՓԱՆ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 26-ին Գյումրիում (նախկին Լենինականում) մշակույթի երախտավոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ: Հենց առաջին ներկայացումներով` «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին», «Տիկնիկների պարեր», Հասմիկ Գյոզալյանը նախանշում է տիկնիկային թատերարվեստի զարգացման ուղղությունները` մանուկների քաղաքացիական ու բարոյա-գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տիկնիկային ժանրի զարգացման առումով:
1946 թվականից վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանը վերաբացում է այս թատրոնը, որն էլ այժմ կոչվում է իր` «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն»: 1972 թվականից թատրոնը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: Իր երկարատև գործունեության ընթացքում թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի:
Հասցե՝ Աբովյան 131, հեռ.՝ +374 (312) 4 82 08
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
Գյումրու Ն. Տիգրանյանի անվ. Արվեստի դպրոցը ստեղծվել է 2007 թվականին նախկին Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 և Կոմիտասի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների միավորման արդյունքում: Երկու դպրոցներն էլ չեն դադարեցրել իրենց գործունեությունը նույնիսկ 1988-ի աղետալի երկրաշարժից հետո, տեղակայվելով ժամանակավոր տնակներում և դիմակայելով բազմաթիվ դժվարությունների: 2003 թվականին սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ սկսվեց թիվ 2 երաժշտական դպրոցի շենքի վերակառուցումը:
Դպոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժող.նվագարանների, վոկալ (դասական, ժողովրդական, էստրադային) բաժիններ: Երաժշտական բաժին ներից բացի գործում են նաև կերպարվեստի, պարարվեստի (դասական և ժողովրդա կան պար) և մոդելավորման բաժիններ: Պահանջարկ կա բացելու նաև թատերական բաժին, ինչպես նաև ավելի ընդլայնելու առանձին բաժինների (մասնավորապես կերպարվեստի բաժնում քանդակի դասարանի) գործունեությունը:
Ներկայումս կրթօջախում սովորում են 500 աշակերտներ և աշխատում է 85 մանկավարժ: Դպրոցի սաները բազմիցս ներկայացրել են Հայաստանը և Գյումրին հեղինակավոր միջազգային մրցույթներում:
Հասցե՝ Աբովյան 260, հեռ.՝ +374 (312) 5 95 64
ԱՐՇԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 4 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Դպրոցը կառուցվել է 1970 թ., տեղակայված է երեք հարկանի շենքում, որը ունի շուրջ 30 դասասենյակներ, մեծ դահլիճ 200-250 տեղով և փոքր դահլիճ: Դպրոցի բազմաթիվ շնորհալի շրջանավարտներ հանդիսանում են մի շարք մրցույթ-փառատոնների դափնեկիրներ և դիպլոմակիրներ: Նրանք շարունակել են իրենց ուսումը Կոնսերվատորիայում, այսօր էլ աշխատում են հանրապետության և արտասահմանյան երկրների նվագախմբերում, դասավանդում են տարբեր կրթական հաստատություններում:
Հասցե՝ Շչերբինայի 3 ա, հեռ.՝ +374 (312) 3-09-16
Facebook
Telegram
YouTube
Google Maps