ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված ավանդական դարձած «Գյումրու օր» տոնակատարությունն այս անգամ անցավ առանց մասսայական միջոցառումների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնին ներկա էր ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այսօր պետք է Գյումրիով քայլեմ և շնորհավորեմ մարդկանց, գյումրեցիներին, այս հիասքանչ քաղաքի տոնը շատ կարևոր է բոլորիս համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:
Օրվա առթիվ նախկին կենտրոնական գրադարանի տարածքում բացվեց քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը: Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Քանդակագործի որդիների՝ Վահե և Միքայել Սողոյանների նախաձեռնությամբ քանդակագործի՝ Մոսկվայի իր արվեստանոցում եղած քանդակների մի մասը տեղափոխվել է Գյումրի՝ նվեր հայրենի քաղաքին՝ մշտական ցուցադրության հուշատուն-ցուցասրահում ներկայացվելու։ Տոնի առթիվ ամենալավ նվերը Գյումրու ժողովրդական գործիքների պետական համույթինն էր՝ երկար տարիներ տնակային անհարմարավետ պայմաններից հետո համույթը տեղափոխվեց նոր հարմարավետ քարե շինություն:Մերկուրովի անվան նկարչական դպրոցն էլ նշեց հիմնադրման 100-ամյակը: Օրվա ընթացքում իր 30 ամյակը նշեց նաև «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը:
Կարդալ ամբողջը |