ԳՅՈՒՄՐԻ - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԸ XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ
Շիրակի գավառի կենտրոն Գյումրին ունի դարերի պատմություն: Առաջին անգամ Շիրակի գավառը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված մ.թ.ա. VIII դարի ուրարտական մի արձանագրության մեջ: ՈՒրարտական թագավոր Արգիշտի Ա-ն գրում է. «Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին ասում է. «Նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչև Իշկիկուլու երկիրը»»:
Արձանագրության մեջ հիշատակված «Իրդանիունի» տեղանունը Հ.Կարագյոզյանը և Ս. Պետրոսյանը նույնացնում են «Կումայրի» տեղանվան հետ: Խնդրի կապակցությամբ Հ. Կարա-գյոզյանը գրում է. «Իրդանիունի տեղանունը կազմված է Իրդ (գետ) բառով և Անիու հատուկ անունով (կամ Անիո): Անիո ձևը դրված է հայերենի սեռական հոլովով, որից կարելի է բխեցնել նախնական Անիա ձևը: Այս «Անիա» քաղաքի անունը հետագայում տրվել է այն գետին, որը հոսել է հիշյալ բնակավայրի մոտով՝ Իրդ-Անիո կամ «Անիա քաղաքի գետ» : Մ.թ.ա.XIII դարում կառուցված Իրդանիո քաղաքը գտնվել է Էրիախի երկրի կենտրոնում՝ Կումայրիի տեղում կամ նրա մոտակայքում: Հետագայում Իրդանիու քաղաքի անունը մոռացվում է: Այն հիշատակվում է արդեն քաղաքի արվարձաններից մեկի՝ Կումայրու անունով, որը տարածվում է ամբողջ Իրդանիու բնակավայրի վրա: Կումայրին Իրդանիոյի արվարձան լինելու մասին իր կարծիքը Հ.Կարագյոզյանը հիմնավորում է Կումայրի տեղանվան ստուգաբանությամբ, որի Կում և այրի բաղադրիչները ունեն գրեթե միատեսակ իմաստներ՝ «գյուղ» կամ «բնակավայր»:
Ընդհանուր առմամբ կողմ լինելով այս տեսակետին՝ Ս. Պետրոսյանը Իրդանիունին (կամ Իրդանիուն) տեղադրում է Գյումրու տարածքում և նույնացնում «Կումայրի» հնավայրի հետ: Ավելին, նա «Կումայրի» հնավայրը տեղադրում է քաղաքի արևմտյան մասում, Չարկըզի ձոր կոչվող գետակի ձախ ափին, նշելով, որ այդ գետակը սեպագրային շրջանի Irdan-գետն է, իսկ Կումայրի հնավայրը ափամերձ Իրդանիունի քաղաքն է:
Հետագայում Կումայրին որպես գյուղ հիշատակվում է մ.թ. 774 թ. հակաարաբական ապստամբության ժամանակ: Ղևոնդ Պատմիչը, արձանագրում է հետևյալը. «Եւ սկիզբն բանիս այսորիկ լինէր ի ձեռն Արտաւազդայ, որ էր ի տանէ Մամիկոնէից. որոյ երթեալ ի մայրաքաղաքն Դուին՝ կազմութիւն մեծ առնէր զորաց իւրոց. և ստանայր անդ զէնս և անօթս պատերազմի, և ամենայն սպառազինութեամբք, և մտերիմ զինքն երևեցուցանէր զօրացն կազմիցի: Եւ որոշեալ զինքն ի միաբանութենէ նոցա՝ հասանէր ի գաւառն Շիրակ ի գիւղն Կումայրի, և սպանանէր զհրամանատար հարկին: Եւ որ ինչ գտանէր ի ձեռին նորա առեալ՝ համբառնայր ամենայն տամբ իւրով, գնայր ի կողմանս Վրաց աշխարհին, և ընդ նմա ամենայն նախարարք աշխարհիս»:
Կումայրի գյուղը հիշատակվում է նաև XIII դարում, և այնուհետև մինչ XIX դարի սկիզբը գյուղի մասին տեղեկություններ այլևս չեն հանդիպում: Արդեն XIX դարի սկզբին Կումայրի գյուղի փոխարեն հիշատակվում է Գյումրին, որը ռուսական իշխան Ցիցիանովի առաջին Երևանյան արշավանքի ժամանակ՝ 1804թ. հունիսի 10-ին, գրավվել էր գեներալ Տուչկովի կողմից:
Հայկական աղբյուրներում Գյումրին հիշատակվում է Գիւմրի, իսկ ռուսական աղբյուրներում Գումրի ձևերով: Գյուղի նոր՝ Գյումրի անվան առաջացումն ու նշանակությունը մի շարք հակասական, երբեմն նաև անհավանական դատողությունների առիթ է տվել: Հովհաննես Խո-ջայանցի կարծիքով. «Գիւմրի բառը կրճատված է: Իրականում այն նշանակում է «Գումարի», որովհետև սա եղել է զօրաց գումարման տեղը Գագիկ արքայի ժամանակներում, որը նստում էր Անիում»: Գյումրի տեղանունը յուրովի է բացատրել Կ. Գանը: «Առաջ այստեղ եղել է ոչ մեծ թուրքական ամրություն,-գրում է Կ. Գանը,-կամ ինչ-որ մաքսային ուղեկալ, որը ազատ անցնելու թույլտվության համար մաքս՝ «gumruk» էր գանձում: Այստեղից էլ գյուղը ստացել էր իր անունը՝ Գյումրի»: Կ. Գանին համակարծիք է նաև 1854-1855 թվականների ռուս-թուրքական պատերազմի մասնակից սպաներից մեկը, որը 1854 թվականի ապրիլի 20-ին իր զինվորական օրագրում կատարել է այսպիսի գրառում. «Ալեքսանդրապոլը, ուր եղավ մեր կորպուսը, թուրքերն անվանում են Գումրի, որ նշանակում է մաքսատուն՝ «gumruk», որովհետև իրոք, այստեղ եղել է նրանց մաքսատունը»:
Վերը նշված վերջին երկու հեղինակներն էլ Գյումրի տեղանունը թյուրիմացաբար կապում են թուրքական «gumruk» բառի հետ այն դեպքում, երբ թուրք-սելջուկներն Անդրկովկաս են թա-փանցել միայն XI դարում, իսկ Գյումրին Կումայրի ձևով գոյություն է ունեցել դեռևս ուրա-րտական ժամանակներից: Միանգամայն անընդունելի է նաև Խոջայանցի կարծիքը, թե Գյումրին «Գումարի» բառի կրճատված ձևն է: Մենք համակարծիք ենք այն պնդմանը, թե Կումայրի ձևն է, որ դարերի ընթացքում հնչյունական փոփոխությունների ենթարկվելով, տվել է Կումերի-Կումիրի-Կումրի ձևը: Վերջինս էլ, ավելի աղավաղվելով, դարձել է Գումրի, իսկ որոշ ժամանակ անց՝ Գյումրի, որը հայերենի հնչյունական օրենքներին խորթ և, բնականաբար, մերժելի ձև է:
Չծանրանալով Կումայրի-Գյումրուն վերաբերող անցքերի շարադրման վրա՝ փորձենք պարզել, թե ինչ է իրենից ներկայացրել XIX դարի առաջին կեսի Գյումրի-Ալեքսանդրապոլը պատմաժողովրդագրական տեսակետից։
Կումայրի բնակավայրը միջնադարում գտնվել է այժմյան «Չերքեզի ձոր» («Չարքըզի ձոր») կոչվող վայրում: XIX դարի սկզբին այն մի փոքրիկ գյուղ էր, որի բնակիչները զանազան հալա-ծանքներից ապահովվելու համար «Չերքեզի ձոր» վայրից աստիճանաբար բարձրացել են բլրի վրա, որը հետագայում դարձել է ձևավորվող քաղաքի «Գեղցոց մահլեն»*: Այստեղից ներքև ավելի ուշ առաջանում է «Ձորի մահլան» կամ «Ձորի բողազը»՝ քաղաքի հիմնական թաղամասերից մեկը:
Ժամանակակիցները վկայում են, որ Գյումրի գյուղը XIX դարի սկզբներին գտնվել է «Չերքեզի ձորից» դեպի հյուսիս-արևելք և ունեցել է մի հին եկեղեցի: Այդ գյուղում ապրել են մոտ 30 տուն պարսիկներ և 20 տուն պարսկահպատակ հայեր, որոնք տեղավորված էին տարբեր թաղամասերում և ապրում էին հաշտ: Կարնո գաղթականները պատմել են, որ իրենց՝ այստեղ գալու օրերին նույն ձորի գլխին, մի հարթ տեղում գտնվում էր 100 տնից բաղկացած Գյումրին, որն ուներ սև քարով շինված մի հին եկեղեցի: Ամրոցի կառուցումից հետո գյուղն աստիճանաբար տեղափոխվել է ավելի վեր (այժմյան քաղաքի հյուսիս-արևելյան կողմը), իսկ հին եկեղեցու տեղում 1857 թվականին կառուցվել է նորը՝ Ս.Նշան եկեղեցին: Իրենց «Տեղագրություններ»-ում Ղ. Ալիշանն ու Պ. վարդապետ Պետրոսյանը նշում են, թե Մարմաշենից 5-6 մղոն վերև, 1.5 մղոն հեռու Արփայի ափից, կա մի հին գյուղ՝ Կումայրին, ուր մինչև 1800 թվականը կար նաև ամրություն: Այդ գյուղն այլազգիները անվանում էին Կիւմրի կամ Գիւմրի և ուներ հազիվ 70 տուն: Լեոն ավելացնում է. «1826 թվականին Երևանի Հյուսեին Ղուլի խանի արշավանքի հետևանքով Գյումրին վերածվել էր 50 տնից բաղկացած գյուղի»:
1801 թվականին Վրաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո ռուսական քաղաքական շրջաններում աճեց հայկական հողերի միավորման ձգտումը: Ռազմական նպատակների համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող Գյումրին բնականաբար չէր կարող վրիպել ռուսական զինվորականության ուշադրությունից, և ռուսական հրամանատարության ռազմական պլաններում արդեն ուրվագծվում էին բնակավայրը ռազմական հենակետի վերածելու նկրտումները:
1804 թվականին, երբ ռուսական կազակային առաջին խմբերը մտան Գյումրի, գյուղի շրջակայքն ամայի էր: Այստեղ տեղակայված կազակային կայազորի զինվորների համար գյուղի մոտ 1804թ. կառուցվում է բնակելի թաղամաս: Կարճ ժամանակ անց այստեղ ստեղծվում է բավականին ամրացված սահմանային կայան, իսկ 1817 թվականին մի անգլիացի ճանապար-հորդի այցելության ժամանակ այդ վայրն արդեն զբաղեցնում էր ռուսական բավականին մեծ մի կայազոր: Ռուսների զորային ուժի ներկայության շնորհիվ հուսալի դառնալով՝ Գյումրին սկսում է դեպի իրեն ձգել պատերազմներից ու զրկանքներից այս ու այն կողմ ցրված հայերին: Գյումրի են գալիս ապահով անկյուն փնտրող հայերի նորանոր ընտանիքներ, որոնք տեղավորվում են «Ձորի մահլայում»:
Բնակավայրի տնտեսական կյանքն աշխուժանալ սկսեց միայն 1826-1829 թվականներից հետո, երբ նրա տարածքում տեղաբաշխվեցին մեծ թվով գաղթականներ:
Ադրիանապոլսի պայմանագրի կնքմանը հաջորդած արևմտահայերի գաղթին որոշակի կազմակերպվածություն հաղորդելու նպատակով Թիֆլիսում գեներալ Պասկևիչի կարգադրությամբ հիմնվում է հատուկ կոմիտե՝ Վրաստանի քաղաքացիական նահանգապետ Զավիլեյսկու գլխավորությամբ: Այս կոմիտեն զբաղվում էր գաղթականներին ընդունելու, տեղաբաշխելու, օժանդակություններ և արտոնություններ տալու խնդիրներով, որոնց վերաբերյալ կետերից մեկում պահանջվում էր, որ որպես կանոն՝ գաղթականների քրիստոնեական նոր գյուղերը խառը չլինեն մահմեդական բնակիչների հետ, քրիստոնյաները կազմեն առանձին գավառակներ կամ մահլաներ, նրանց տները կառուցվեն ուղիղ գծի վրա, «երեք սաժեն լայնությամբ» փողոցներ թողնվեն, իսկ տները լինեն հաստատուն, հարմարություններով օժտված և այլն:
Օգտվելով ռուսական կառավարության տված վերոհիշյալ արտոնություններից և ընձեռած հնարավորություններից՝ արևմտահայ գաղթականները սկսեցին տներ կառուցել նաև Գյումրիում: Աստիճանաբար առաջանում էին նոր թաղամասեր: Դեռ դարի սկզբին այստեղ բնակություն հաստատած ռուս զինվորները ունեին իրենց թաղը, որը գտնվում էր քաղաքի հարավային մասում և կոչվում էր «Սլաբոտկա»: Մոտ 40-50 տուն մահմեդականները Գյումրու հարավ-արևելքում (այժմյան ավտոկայանից մինչև հին գերեզմանոց) հիմնեցին «Թուրքի մահլեն»: Դրանից վերև, դեպի հյուսիս, 150 տուն հույները հիմնեցին «ՈՒռմնոցը» կամ «Հունաց մահլեն»: 30-40 տուն հայ բոշաները հիմնեցին «Բոշի մահլեն» (այժմյան Սայաթ-Նովա փողոցից մինչև նախկին հանրախանութ ընկած տարածքը): Մոտ 50 տուն հայ կաթոլիկների ջանքերով հիմնվեց «Ֆռանգների մահլեն» (Օրիորդաց գիմնազիայից մինչև զինվորական կոմիսարիատ ընկած տարածքում): «Հունաց մահլից» հյուսիս խղճուկ տներ էին կառուցել աղքատ գաղթականները, որոնց թաղը «Հողեպլան» էր կոչվում, իսկ հին գյումրեցիներն էլ բերդի կառուցման պատճառով տեղավորվել էին գերազանցապես «Ձորի մահլում»:
1836 թվականին կատարվում է Գյումրու առաջին հատակագծումը, ըստ որի քաղաքն ուներ քառանկյունի տեսք՝ երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով:
Բնակավայրի մեծանալու հետ մեկտեղ՝ աճում էր նաև նրա քաղաքական, ռազմական և տնտեսական նշանակությունը: Նույն 1836 թվականին ավարտվում է բերդի կառուցումը: 1837 թվականին Գյումրի այցելած Նիկոլայ Ա կայսրը դիտում է բերդը, հիմնադրում է բերդում կառուցվելիք Ս. Ալեքսանդրայի անունը կրող ռուսական եկեղեցին և Գյումրին վերանվանում Ալեքսանդրապոլ: Ռուսաց կայսեր կողմից քաղաքի անվանափոխությունը ժամանակակիցների կողմից տեղի է տվել մի շարք հակասական, հաճախ ոչ ստույգ դատողությունների:
Այս հարցին ժամանակագրական առումով առաջինը՝ 1838 թվականին, անդրադարձել են հայ ժողովրդի պատմության քննությանը վերաբերող վավերագրերի ժողովածուն կազմողները: Նրանք գրում են, թե երբ Նիկոլայ Ա-ն դիտեց նոր կառուցվող ամրոցը և Սուրբ մեծ նահատակ թագուհի Ալեքսանդրայի պատվին հիմնվող եկեղեցին, Նորին Կայսերական Մեծությանը հաճելի եղավ նաև Գյումրի քաղաքն անվանել Ալեքսանդրապոլ: Ալ.Երիցյանցը այդ մասին գրում է, որ հոկտեմբերի 4-ին կայսրը հասավ Գյումրի, ուր «նույն օրը հիմն դրեց հանուն սրբուհվոյն Ալեքսանդրի ռուսական եկեղեցվո և հրամայեց կոչել քաղաքն Ալեքսանդրապոլ»:Ղ. Ալիշանն իր «Շիրակ» աշխատության մեջ Գյումրին Ալեքսանդրապոլ և բերդը Ս.Ալեքսանդրայի անունով կոչելը վերագրում է Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի պատվին: Նա գրում է. «Երկոքին (քաղաքն ու ամրոցը-Ա.Հ.) միանգամայն կոչեցան հանուն կայսրուհվոյն Ալեքսանդրապոլիս»: Այս հարցի մասին հակասական տեղեկություններ են հաղորդում նաև Վ.Պոտտոն և Կ.Գանը:
Ռազմական պատմաբան Վ. Պոտտոն իր «Հին կովկասցիների հիշատակին» գրքում (1897թ) նշում է, թե Գյումրիում հանգուցյալ կայսրը (Նիկոլայ Ա-Ա.Հ.) դիտեց կառուցվող ամրոցի շինարարական աշխատանքները, ներկա եղավ «հանուն Ս.Նիկոլայ այժմյան ամրոցային տաճարի հիմնադրմանը և հրամայեց հենց քաղաքը կոչել Ալեքսանդրապոլ»: Ըստ Վ.Պոտտոյի, Գյումրին Ալեքսանդրապոլ է կոչվել ի պատիվ Ալեքսանդր Ա կայսեր, որի օրոք այն միացվել է Ռուսաստանին: Եվ վերջապես Կ. Գանը այս մասին իր «Կովկասյան աշխարհագրական անվանումների մեկնաբանման փորձ» աշխատության մեջ այն կարծիքն է հայտնում, թե Ալեքսանդրապոլը 1837 թվականին Նիկոլայ Ա-ի ներկայությամբ հիմնադրված քաղաքի և ամրոցի անվանումն է, ընդ որում նա նաև ընդգծում է, որ քաղաքը Ալեքսանդրապոլ է կոչվել ի պատիվ Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու:
Իրականում այս հարցի պատասխանը այլ է: Ինչպես վկայում է Կովկասի կառավարչապետ Գ. Ռոզենի գրությունը՝ ուղղված Վրաստանի քաղաքացիական նահանգապետ Ն. Փալավանդովին, 1837 թվականին Գյումրի ամրոցը (ընդգծումը մերն է-Ա.Հ.) Ալեքսանդրապոլ, հունա-ռուսական եկեղեցին Ս. Ալեքսանդրա և 1840 թվականին քաղաքը (ընդգծումը մերն է-Ա.Հ.) Ալեքսանդրապոլ է կոչվել ռուսական եկեղեցու մեծ նահատակ Ս.Ալեքսանդրա թագուհու և ոչ թե Ալեքսանդր Ա-ի կամ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի պատվին: Ստորև ներկայացնում ենք այդ կարևոր փաստաթղթի հայերեն թարգմանությունը.
«Վրաստանի քաղաքացիական նահանգապետ,պարոն իսկական պետական խորհրդական և ասպետ, իշխան Ն. Փալավանդովին Ողորմած Տեր Կայսրը Բարձրագույնս բարեհաճեց հրամայել Գյումրի ամրոցը այսուհետև անվանել Ալեքսանդրապոլ, նաև անցած հոկտեմբերի 4-ին Նորին Բարձրության ներկայությամբ հիմնադրված համառուսական եկեղեցին կառուցել ի պատիվ Սուրբ Մեծ նահատակ Ալեքսանդրա թագուհու:
Այդպիսի բարձրագույն ցանկության մասին գեներալ-համհարզ Ադլերբերգը հոկտեմբերի 5-ին 399-ը հրամանով տեղեկացրեց ինձ պատշաճ կատարման համար, ավելացնելով, որ ինքը միաժամանակ այդ մասին հաղորդել է պարոն ռազմական մինիստրին՝ Գյումրի ամրոցի վերանվանման հրամանը բանակին հայտարարելու համար:
Այդ մասին իրազեկում եմ Ձերդ պայծառափայլությանը: Գեներալ-համհարզ Գ. Ռոզեն Շտաբի պետ գեներալ-մայոր Վոլոչևսկի թիվ 3208 8 նոյեմբերի 1837 թվական, Թիֆլիս» Այստեղից միանգամայն պարզ է դառնում, որ Ալեքսանդրապոլ է անվանվել 1836 թվա-կանին նոր կառուցված բերդամրոցը և ոչ թե Գյումրի գյուղը, որն ի դեպ, 1837 թվականից սկսած, ստանալով քաղաքի կարգավիճակ, իր վրա վերցրեց նաև բերդի Ալեքսանդրապոլ անվանումը:
Տեղի հմուտ վարպետների ձեռքով կառուցված վերոհիշյալ ամրությունն իր 7 բաստիոններով, զորանոցներով, կարմիր և սև տուֆի համադրությամբ գեղեցիկ և հզոր պարիսպներով, իր փառահեղ դիրքով քաղաքին տալիս էր ուրույն շուք ու հանդիսավորություն: «Բերդը,-գրում է Պողոս վարդապետ Պետրոսյանն իր «Տեղագրութիւն Շիրակայ» աշխատության մեջ,-նայում է քաղաքին լայնանիստ, ամրակառույց և վայելչադիր: Կա խաչաձև ռուսական եկեղեցի՝ բոլորա-կավոր գմբեթով, ինչպես ունեն մզկիթները: Բերդն ունի վառոդի 36 սենյակ, 200 թնդանոթ, ցորենով ու գարով լցված ամբարներ, 600 սենյակ էլ տրամադրված է 10 000 զորքի բնակության համար, թեպետ սովորաբար բերդում գտնվում են 4000 զինվոր»:
Ս. Էփրիկյանը նույնպես, նկարագրելով բերդը, գրում է հետևյալը. «Այս բերդը, դարուս զինուորական նշանաւոր շենքերեն մին կարելի է համարել, թէ ամրութեամբն և թէ ճարտարարուեստ կառուցմամբ: ՈՒնի զինուց մթերանոցներ, ամբարանոց և գրեթէ 16 000 հոգւոց բնակա-րան, մեծ բանտ մը, առանձին հիվանդանոց և բերդապահ զորավարի համար յատուկ պալատ: Ասոցմէ զատ ունի խաչաձեւ, գեղեցիկ եկեղեցի մը….և հիւսիսային կողմը Կարմիր կոչուած աշտարակ մը: Մեկ խօսքով բերդս իւր այս ամենայն հանգամանօք կրնար երկար ժամանակ դիմադրել թշնամւոյ ուժերուն»: Օտարազգի հեղինակներից Ալեքսանդրապոլի բերդի մասին բավականին մանրամասն տեղեկություններ են թողել Մ. Վագներն և Կ. Սպասսկի-Ավտոնոմովը: Վերջինս հավատացնում է. «Ամբողջ Անդրկովկասում չկա Ալեքսանդրապոլի բերդի նմանը: Այն համարվում է դարի գլուխգործոց: Իսկ ինչ վերաբերում է բերդի եկեղեցուն, ապա այն մեզ՝ ասիացիներիս համար, կատարելիություն է: Կարելի է ասել ավելին՝ Ալեքսանդրապոլի բերդն ու եկեղեցին ամբողջ Անդրկովկասում առայժմ ռուսական տիրապետության միակ հուշարձաններն են»: Նշենք որ, Ալեքսանդրապոլի բերդի հոյակերտ շինությունների շարքում որպես գլուխգործոց էր հիշատակվում նաև եռահարկ, քարե ամուր պարիսպներով հիվանդանոցը:
Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում Գյումրի-Ալեքսանդրապոլը XIX դարի 30-40-ական թվականներին: Ըստ ժամանակակիցների բազմաթիվ վկայությունների, այդ տարիների Ալեք-սանդրապոլը տիպիկ ասիական քաղաք էր՝ կեղտոտ, կոպիտ և անկտուր տներով: Լինելով դեռ շատ երիտասարդ, այնուամենայնիվ արդեն հասցրել էր ձեռք բերել ծեր ու քայքայվող քաղաքի ֆիզիանոմիա: Այն ուղղակի մի «քարավանսարա էր մեծ ճանապարհի վրա»:
XIX դարի առաջին կեսի քաղաքային տնտեսության անմխիթար վիճակի մասին «Ախուրյանը» գրում է. «Ցեխի պատճառով քաղաքի գլխավոր փողոցներն անանցանելի են, իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «քոռ ուլիցներին», ապա աստված հեռու տանէ, այնպիսի ողորմելի դրության մեջ են, որ գլուխը և ոտը չկոտրելու համար ցերեկն անգամ պետք է կրակով ման գալ»:
Դ. Անանունի՝ «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում» աշխատության առաջին հատորում հրապարակված գյումրեցիների բողոք-նամակը՝ ուղղված ռուսական ցարին, թույլ է տալիս եզրակացնելու, որ քաղաքային կյանքի նմանատիպ դրությունը ինչ-որ չափով արդյունք էր նաև նրա անորոշ, ավելի շուտ երկակի կարգավիճակի: Մինչև 1840 թվականը տեղական, պետական և ոստիկանական մարմինների կողմից ալեքսանդրապոլցիները հարկվում էին թե՛ որպես քաղաքացիներ և թե՛ որպես գյուղացիներ: Բնականաբար, հարկային այսպիսի քաղաքականությունը չէր կարող խթան հանդիսանալ քաղաքի և նրա տնտեսության զարգացման համար: Հետևաբար դժվար է գերագնահատել քաղաքի զարգացման ճակատագրում 1840 թվականին նրա՝ նոր ձևավորված գավառի կենտրոն դառնալու հանգամանքը, ինչը կարճ ժամանակում նկատելիորեն փոխեց քաղաքի դեմքը: Գտնվելով առևտրական ճանապարհի վրա, որն իր մի հատվածով համընկնում էր նաև «աղի ճանապարհին», քաղաքն իբրև հացառատ շրջանի կենտրոն, հացահատիկ էր մատակարարում ճանապարհի երկու կողմերի շրջակա մեծ թվով գյուղերին և նույնիսկ նահանգի կենտրոն Երևանին, որը, հեռու գտնվելով պետության առևտրական կենտրոններից և հաղորդակցության ճանապարհներից, վերածվել էր որոշ չափով ինքնամփոփ, տեղական նշանակություն ունեցող արհեստներով բնակչության նեղ պահանջներն ապահովող քաղաքի:
Քաղաքական և տնտեսական տեսակետից աստիճանաբար զգալի նշանակություն ստանալով, սկսած 1846 թվականից Ալեքսանդրապոլը երկրորդական գավառային կենտրոնից աս-տիճանաբար վերածվում է նահանգային առաջնակարգ գավառակենտրոնի, որն իր տնտեսական նշանակությամբ գերազանցում էր նույնիսկ նահանգի կենտրոն Երևանին:
Ինչ վերաբերում է Ալեքսանդրապոլ քաղաքի ժողովրդագրությանը, ապա նշենք, որ քաղաքային բնակչության աճն ամբողջ գավառի օրինակով կատարվել է հիմնականում արհեստականորեն՝ գերազանցապես 1829-1831 թվականների թուրքահայերի գաղթի շնորհիվ: Եթե 1820-ական թվականներին Գյումրին ուներ ընդամենը 300 տուն, ապա 1831 թվականի մարդահամարի տվյալներով այստեղ ապրում էր արդեն 3444 մարդ միայն արական սեռից (ի դեպ, մինչև XIX դարի 50-ական թվականները Ալեքսանդրապոլում և գավառի մի շարք այլ տարածքներում անցկացված մարդահամարների տվյալները վերաբերել են միայն արական սեռին), որից 250-ը՝ մահմեդական, իսկ 3194-ը՝ հայ: 1842 թվականին անցկացվում է «Կամերալ ցուցակագրման վերստուգում», որի արդյունքում Ալեքսանդրապոլի բնակչության թիվը նշվում է արդեն 1 729 ընտանիք , իսկ 1848 թվականին՝ 1982 ընտանիք կամ 5537 հոգի արական սեռից, որից 5269 հոգի՝ հայ, 58-ը՝ հույն, 210-ը՝ թաթար: Վերջապես, 1855 թվականի տվյալներով Ալեքսանդրապոլ քաղաքում ապրում էր 11 358 մարդ, որից 5751-ը՝ արական, 5607-ը՝ իգական սեռից:
Այսպիսով, եթե 1830-ական թվականների Ալեքսանդրապոլի մասին խոսում էին ընդամենը որպես «գեղեցիկ ապագա խոստացող». բայց արևելյան տիպի խղճուկ քաղաքի, ապա XIX դարի կեսին այն արդեն ոչ ասիական, բարեկարգ քաղաք էր՝ ուղիղ, լայն և գիշերը լուսավորվող փողոցներով, իսկ քաղաքի ամբողջ բնակչությունը քիչ թե շատ խոսում էր ռուսերեն, ինչը հազվադեպ երևույթ էր Երևանի նահանգի մյուս քաղաքների համար: Ավելի հանգամանալի և ընդգրկուն դարձնելու համար XIX դարակեսի Ալեքսանդրապոլի նկարագիրը՝ մեջբերենք մի քանի վկայություններ ժամանակի վիճակագրական հաշվետվություններից: Այսպես, ըստ «1852 թվականի Կովկասյան օրացույցի» տվյալների՝ Ալեքսանդրապոլում արդեն 1850 թվականին կային 240 հաստատված ճակատամասով (ֆասադով) տուն, 1808 ասիական տիպի քարե տուն, 250 կրպակ, 150 փողոց, 2 հրապարակ,10 կամուրջ: 1852-1853 թվականների մեկ այլ հաշվետվության մեջ նշվում են Ալեքսանդրապոլի 75 թաղամասեր, 52 աղբյուրներ, 186 ջրհորներ, 2048 քարաշեն տներ, որից 200 –ը ՝ լավ ճակատամասերով և այդ բոլորը՝ 11 280 բնակչության համար: Շենքերը տեղական սև տուֆից են, կան 1849 թվականին հիմնադրված ուղղափառ եկեղեցի, 2 հայկական եկեղեցիներ՝ Ս.Աստվածածինը և կաթոլիկ եկեղեցին, 2 շուկա՝ սովորական և անասունների վաճառքի, 7 քարվան-սարա, 850 կրպակ, 3 բաղնիս, 1 հրապարակ, 1 նոր և 2 հին հայկական, 1 մահմեդական և մեկ ընդհանուր գերեզմանոցներ: Եվ վերջապես, Երևանի նահանգի քաղաքների տնտեսական-քաղաքական կյանքի մասին 1865 թվականի հաշվետվության մեջ Ալեքսանդրապոլի մասին ասվում էր հետևյալը. «Քաղաքը, որ հյուսիսից սահմանակից է Եսաուլ, Օրթաքիլիսա, Թոփառլի, արևելքից՝ Ղոնախ-Ղռան, Հաջի-Նազար-Ղուլի, հարավից՝ Դյուզքյանդ, Թափադոլլակ, Ղարաքիլիսա գյուղերին, իսկ արևմուտ-քից՝ Արփաչայ գետին, ունի 16 337 բնակիչ, որից 8638-ը արական, 7699-ը իգական սեռի են: Քաղաքային բնակչությանն է պատկանում հետևյալ անշարժ գույքը՝ 2870 տուն, 1460 կրպակ, 17 քարվան-սարա, 6 ջրաղաց, 36 գործարան: Ընդ որում, վերը նշվածից ազնըվականությանն են պատկանում 25 տուն, 145 կրպակ, 5 քարվան-սարա, 5 (օճառի) գործարան: Հոգևորականությանը՝ 37 տուն, 74 կրպակ, առևտրականներին՝ 700 տուն, 40 ջրաղաց, կրպակ և գործարան: Մնացած անշարժ գույքը պատկանում է աղքատ խավին»:
Արդեն XIX դարի 50-ական թվականներին Ալեքսանդրապոլի քաղաքային կյանքի զարգացման բավականին բարձր տեմպերը առաջին հերթին հետևանք էին այն համեմատաբար ապահով իրավիճակի, որում հայտնվել էր Ռուսաստանի տիրապետության տակ անցած այս տարածաշրջանը, ապահովություն, որը հնարավորություն էր տալիս տեղի բնակչությանն իր կյանքը նորմալ հունի մեջ դնել, այլև աննախադեպ բարենպաստ պայմաններ էր ստեղծում ինչպես քաղաքային շինարարության, այնպես էլ նրա տնտեսական կյանքի առաջընթացի համար:
Հեղինակ` Արմեն Հայրապետյան
Facebook
Telegram
YouTube
Google Maps